Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ժողովուրդը դդում չէ, որը կարելի է ցանկացած ձևով գլորել

ժողովուրդը դդում չէ, որը կարելի է ցանկացած ձևով գլորել
29.11.2012 | 22:55

Օրեր առաջ մեր երկրի հյուրերն էին հեռավոր ՈՒրուգվայի բարձրաստիճան պաշտոնյաները: Նրանք եղան ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում: Թե ինչ վայնասուն բարձրացվեց հարևան երկրում, հայտնի է բոլորիս: Պատվիրակության անդամները հանդիպեցին ժողովրդի լայն զանգվածների, պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ամենուրեք ջերմ մթնոլորտ էր: Զգացվում էր, որ բարձրաստիճան հյուրերի ժպիտներում ոչ թե դիվանագիտական տարրը, այլ ջերմ, մարդկային, կասեի նույնիսկ հարազատական անկեղծությունն էր թագավորում: Հյուրերի հանդիպումները լայնորեն մեկնաբանվեցին ԶԼՄ-ներով։ Պատվիրակության ղեկավարը ոչ միայն հրապարակավ ցուցադրում էր իր երկրի վերաբերմունքը, այլև մեր շատ պաշտոնյաների մարդկային դաս տվեց, այն էլ նուրբ, դիվանագիտորեն: Խորխե Օրիկոյի նրբանկատորեն ասված խոսքերին եմ ուզում անդրադառնալ.

-Մեր երկրի բարձրաստիճան շատ պաշտոնյաներ, նաև ես, շատ անգամ լինում ենք քաղաքի սովորական սրճարաններում, առանց որևէ թիկնապահի: Օրինակ ես, - շարունակեց նա,- ոչ մի թիկնապահ չունեմ: Սրճարանում սովորական քաղաքացիների կողքին, երբեմն էլ նրանց հետ զրույցի բռնվելով, խմում եմ մի բաժակ թեյ, կամ մի բաժակ սուրճ:
Օրիկոյի ասած խոսքերը կարելի է մեկնաբանել «Կուժ քեզ եմ ասում, կուլա դու լսիր» եզրույթով։ Ինչ վատ կլիներ որ մեր ԱԺ-ի նախագահը, նախարարները, ինչո՞ւ չէ, նաև վարչապետը, առանց թիկնապահների, առանց ուղեկցողների, Օրիկոյի պես լինեին սովորական սրճարաններում, քաղաքացիների հետ սուրճի բաժակի շուրջ խոսքի բռնվեին: Բարձրաստիճան պաշտոնյաների նման քայլը ոչ միայն ողջունելի կլիներ, այլև սովորական քաղաքացիները կզգային, որ իրենց երկիրը երկիր է: Շարունակեմ հավատալ և հավատացնել, որ այս երկիրը երկիր է:
Թռչկանի դեպքը` մեզ օրինակ: Ապա «Հարսնաքարը»: Ժողովուրդը միակամ ոչ միայն ապտակեց հայտնի օլիգարխին, այլև հասավ նրան, որ վերջինս ստիպված վայր դրեց իրեն ամեն ինչից անխոցելի դարձնող «բրոնեժիլետը»` պատգամավորական մանդատը: Հավատացած եմ, որ դատարանը որևէ կերպ չի կարող ամպհովանի լինել հանցագործների համար: Էս երկիրը այդպես է դառնալու երկիր:
Էս երկիրը երկիր է դառնալու, վկան` Խոսրովի անտառի բնապահպանների հայտնի նախաձեռնությունը: Որքան էլ նախարարը, նրա մանկլավիկ թիմը փորձում էին ժխտել որսագողության փաստը, ոչինչ չստացվեց:
Բնապահպանները հաղթեցին: Նրանք երկիրը երկիր դառնալու գործընթացը մի քայլ առաջ տարան:
Էս երկիրը երկիր է դառնալու և այն էլ շատ լավ երկիր: Վկան` երկու լկտի գաիշնիկներին գրողի ծոցն ուղարկած սովորական մի քաղաքացու նկարահանած տեսակադրերը: Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, թե ինչու են այդ ճանապարհային ոստիկաններն այդպես սանձարձակ գործում: Էս երկիրը երկիր կդառնա նման քաղաքացիների գործելաոճով:
Էս երկիրը երկիր չէ, սիրում ենք կրկնել, որովհետև երբ հանդիպում ենք որևէ կողոպտիչի, թալանողի, ավազակի, լլկողի ու խաբողի, շորթողի ու գցողի, իսկույն հուսալքվում ենք և ինքնահանգստացման համար կրկնում ենք` էս երկիրը երկիր չէ: Հավատացած եմ, այդպես են մտածել շատ գյուղացիներ, ովքեր գործ են ունեցել «Արարատի պահածոների գործարանի» (անունը` Բորոդինո) սեփականատեր Տիգրան Ներսիսյանի հետ: Հավատացած եմ, ամեն անգամ, երբ գյուղացին գնում է գործարան կամ զանգահարում սեփականատիրոջ բարեկամին (այսպես ասած` նայողին)` Ռոբերտ Հակոբյանին, թե երբ կտան հանձնած գյուղմթերքի արժեքը, ստացած անորոշ պատասխանից իրեն ստորացված է զգում, հայհոյում է երկրին և կրկնում` էս երկիրը երկիր չէ: Ներսիսյանները և նրա նմանները չեն գիտակցում, թե որքան են իրենց վարքագծով վարկաբեկում այս երկիրը: Մեկ անգամ չէ, որ լսել եմ համագյուղացիներիցս, թե գործարանատերը (նկատի ունեն զոն նայողին) արհամարհական պատասխան է տալիս, թե կարող է մինչև դեկտեմբեր հասանելիքը տանք: Գյուղացին ասում է, ինձնից հողի հարկ են ուզում, ջրի հարկ են ուզում, ժամանակին չտալու համար էլ տույժ ու տուգանք է գալիս, մինչդեռ սեպտեմբերին 50, կամ 30 դրամով հանձնած պոմիդորի արժեքը դեռ չեմ ստացել: Մեկը նույնիսկ նկատում է, թե սեպտեմբերին մեկ պարկ ալյուրն արժեր 10,5 հազար դրամ, իսկ այսօր այն դարձել է 13,5 հազար: Եթե ժամանակին տային իմ ապրանքի արժեքը, մի քանի պարկ ալյուր կգնեի և յոլա կգնայի մինչև գարուն: Ներսիսյան Տիգրանի համար, իհարկե, այդ երեք հազարը թիվ չէ, որովհետև նա կարող է գյուղացիների միլիոնների արժողությամբ բերքի փողը ժամանակին չտալ և անպատիժ մնալ: ՈՒրեմն ի՞նչ է պետք, որ սրանց նմանները չվարկաբեկեն երկիրը: Կոչ եմ անում բոլոր պարտքատերերին` միավորվել հոդվածագրիս հետ և համատեղ հայց ներկայացնել ընդդեմ դդմաշենցի Տիգրան Ներսիսյանի, պահանջելով ոչ միայն ապրանքի ռեալ արժեքը, այլև մեր միջոցները շահագործելու համար օրենքով հասանելիք տույժ- տուգանքները: Միայն այս դեպքում դդմաշենցին կհասկանա, որ ժողովուրդը դդում չէ, որին կարելի է ցանկացած ձևով գլորել: Ժողովո՛ւրդ, մենք ենք մեր երկրի տերը, և մեզանով միայն էս երկիրը երկիր կդառնա: Թե չէ «էս երկիրը երկիր չէ» կրկնելով ոչինչ չի փոխվի:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2436

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ